Իրանը հրահանգել է կալանել Թրամփին՝ Սուլեյմանիի սպանության համար
Իրանի դատական իշխանությունը դիմել է Ինտերպոլին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:
«Հաջողվել է ճշտել 36 հոգու ինքնությունը, որոնք մասնակցել են Քասեմ Սուլեյմանիի սպանությանը: Նրանց մեջ կան քաղաքական և ռազմական գործիչներ ԱՄՆ-ից ու այլ երկրներից: Ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է Թեհրանի դատախազ Ալի Մեհրը: Նա նշել է, որ այդ անձինք մեղադրվում են «սպանության» և «ահաբեկչության» համար:
Սուլեյմանը մահացավ հունվարի 3-ին՝ ԱՄՆ հրթիռային հարձակման ժամանակ: Մահացավ նաև նրան ուղեկցող մի քանի սպա: Ի պատասխան՝ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը տասնյակ հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ:
Պենտագոնը հայտարարել է, որ Սուլեյմանիի սպանությունն անձամբ հրահանգել է Սպիտակ տան ղեկավարը: Իսկ սպանության գաղափարն ամերիկյան առաջնորդին, ամենայն հավանականությամբ, տվել է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Միացյալ Նահանգները գեներալին համարում էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիոն ուժերի հենակետերի վրա հարձակումների մասնակիցը: