Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել. դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը

Guyqi kalanq

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Հայցին կից Ամիրյանը նաեւ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց: Նշենք, որ դա սահմանված է Քաղաքացիական դատավության օրենսգրքի 128-րդ հոդվածով, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե այդպիսիք չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Այդպիսի միջոց է, օրինակ, պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը եւ այլն:

Տվյալ դեպքում հայցվոր Արմեն Ամիրյանը նշել է, որ պատասխանող Հովհաննես Գալստյանը հայցը ներկայացնելու օրվա դրությամբ և կանխատեսելիորեն ապագայում շարունակելու է իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ տարածելը, վիրավորանքներ հնչեցնելը, քանի որ այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով իր էջում տեղ գտած մեկնաբանությանը: Նա մասնավորապես գրել է՝ «Ղարիբյանը առնվազն ապահովագրեց ինքն իրեն նոր մեղադրանքներից և շանս ստացավ նվազեցնելու վիրավորանքի ռիտորիկան, որին ես շռայլորեն տուրք եմ տալիս իրենց մեղքը չընդունող չինովնիկների հանդեպ: Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենը անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»:

Հայցոր կողմի կարծիքով՝ առկա է հիմնավոր մտավախություն առ այն, որ պատասխանողը կօտարի իր գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, ինչը ներկայացվող հայցադիմումի հնարավոր բավարարման դեպքում կհանգեցնի դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը:

Դատարանն արձանագրել է, որ ներկայացված միջնորդությունը պարունակում է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ, գտել, որ նշված հայցի ապահովման միջոցները համաչափ են ներկայացված պահանջին եւ հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, ինչպես նաև արձանագրել, որ հայցվորի մտավախություններն ուշադրության արժանի են: Այդպիսով դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, հայցագնի՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դրել Հովհաննես Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, եւ արգելել պատասխանողին հայցվորի վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ, վիրավորական արտահայտություններ որևէ կերպ կատարել ու տարածել:

Թե երբ է նշանակվել բուն գործով դատական նիստ, «Դատալեքս»-ում այս պահին նշված չէ:

Հիշեցնենք՝ ապրիլ ամսին Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Դրանից հետո քրեական գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Հովհաննես Գալստյանը ճանաչվել է տուժող: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...