Դատախազի խորհրդականը՝ Հրանուշ Խառատյանի գրառման մասին
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, թե «գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը, այդտեղ հանցակազմ չի տեսնում»: Եվ ելնելով դրանից՝ արել է հարցադրում, թե «եթե գլխավոր դատախազն առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչո՞ւ է ուղարկել «քննության»:
Ենթադրում եմ՝ «գործի քննություն» երևույթից, ինչպես իր գրառման մեջ տիկին Խառատյանն է նշում, «վատ պատկերացում» ունենալն է նման անհիմն հետևություններ կատարելու պատճառը:
Որովհետև անկախ նրանից՝ ով ինչ է ասել տիկին Խառատյանին, փաստն այն է, որ ինչպես նրա, այնպես էլ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, նրա դստեր հասցեին սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հանցագործության մասին հրապարակային ներկայացված հաղոդրումներին ծանոթանալուց անմիջապես հետո հենց գլխավոր դատախազի ցուցումով են դրանք ուղարկվել ՀՀ քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Այսինքն ակնհայտ է, որ եթե ՀՀ գլխավոր դատախազը դրանցում առերևույթ հանցակազմի հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ չտեսներ, բնականաբար, դրանք Ոստիկանություն չէին ուղարկվի:
Հետևաբար, ամենայն հարգանքով տիկին Խառատյանի նկատմամբ, ցավալի է, որ նախքան հրապարակում կատարելը նրա կողմից փորձ չի արվել նախ բարելավելու իր պատկերացումները քրեադատավարական ընթացակարգերից՝ հրապարակայնորեն չտրվելու համար տրամաբանական որևէ հենք չունեցող մտածումներին և կանխակալ կարծիք չձևավորելու ինչպես գլխավոր դատախազի գործողությունների, այնպես էլ սկսված քննության նկատմամբ»:
Նշենք, որ նախօրեին Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր․
«Սիրելի բարեկամներ, պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը և հետաքրքրվել, թե իմ պատկերացմամբ ինչպես կարող է ինքը միջամտել կամ ազդել վերջին օրերին իմ ընտանիքի և պարոն Հարություն Մարությանի շուրջ կատարվող տարատեսակ զրպարտանքների խնդիրներին և մասնավորապես իմ, պարոն Մարությանի ու նրա դուստր Արփենիկ Մարությանի ստացած սպառնալիքների հարցերին: Ես շնորհակալություն եմ հայտնել և իմ կարծիքն արտահայտել, որ իր միջամտության ձևը չեմ տեսնում, քանի որ սրանք պետական մարմինների հետ առնչվող երևույթներ չեն: Պարոն Թաթոյանը ինձ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը այդտեղ հանցակազմ չի տեսնում: Այսօր ինձ զանգեցին ոստիկանությունից և վաղվա համար հրավիրեցին զրույցի՝ ասելով, որ նյութեր են հավաքվում մեր դիմումի կապակցությամբ:
Հիմա նոր սկսում եմ մտածել, որ եթե գլխավոր դատախազը առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչու՞ է ուղարկել «քննության»: Կամ, գուցե, ինքը նախապես ինչ-որ նյութերի ծանոթ է, որը նրան հիմք է տալիս հանցակազմ չտեսնել, և այդ դեպքում արդյո՞ք դրանք նույնպես ուղարկել է քննիչին: Մի խոսքով, քանի որ վատ եմ պատկերացնում «գործի քննություն» երևույթը, ընթացակարգը, գուցե և սխալ ուղղությամբ եմ մտածում: Բայց վերջ ի վերջո վաղը մայիսի 13-ն է, ինձ ու Մարությաններին սպառնացողների ուլտիմատիվ ժամկետի վերջին օրը, չգիտեմ վաղն ինչ ջղաձգումներ կլինեն, բայց վաղվա «քննության» մասին մտածելիս տրամադրությունս ընկնում է:
Իրավունքի կիրառական կողմը հասկացող իմ ֆեյսբուքյան ընկերներին հարց ունեմ՝ ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյոք այդ «նախնական իմացությունը» չի ուղղորդում և սրբագրում քննության ընթացքն ու արդյունքը»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հետ…
Опубликовано Gor Abrahamyan Среда, 13 мая 2020 г.