Դա նախապատրաստված սադրանք էր․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին (տեսանյութ)
ԱԺ փոփխոսնակ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ավելի վաղ տեղի ունեցած միջադեպն անընդունելի է համարում, բայց արձանագրում է, որ տեղի ունեցածը անմիջական կապ ունի, իր ասելով, օրեր առաջ հնչած սեռական բնույթի հայհոյանքի և այն օրենքների հետ, որոնք ԱԺ-ն ընդունել է։
«Պետք է սադրանքների չտրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը համարում եմ անընդունելի։ Իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչը իրավունք չունի դահլիճում հայհոյանքներ հնչեցնել։ Պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք էր, և այն շարունակական բնույթ է ունենալու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակն ասաց, թե որևէ մեկին անմեղ կամ մեղավոր չի համարում, այլ պնդում է, որ տեղի ունեցածը սադրանք էր, որին չպետք է տրվել։
«Այդ մարդը չի կարողանում քաղաքական առումով իր ասելիքն ասել՝ վերջին գործընթացների հետ կապված։ Կարծում եմ, որ իր վրա մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդների հետ կապված»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքը ի՞նչ ճնշումներ մասին է, Ալեն Սիմոնյանը նկատեց, թե երեկ ԱԺ-ում վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով մտահոգություն չունի, և շահարկումները, թե այս իշխանությունները Արցախը հանձնելու են, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Սիմոնյանի՝ այդ մտքի հետ կապված Էդմոն Մարուքյանի հետ խոսակցություն է եղել։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ միջադեպի հետ կապավծ որևէ մեկի մանդատը վայր դնելու և նկատողություն անելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։
a1plus