Վայոց ձորում մեկնարկել է արևային կայանի շինարարությունը.
Կիպրահայ գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հետևելով վարչապետ Փաշինյանի հայրենիքում ներդրում կատարելու կոչին, որոշել են Վայոց ձորի Սարավան վարչական շրջանում հիմնել «Արեգ Էներգիա» արևային կայանը: Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ երեկ արդեն տրվել է էներգակայանի շինարարության մեկնարկը, և սպասվում է, որ այն կավարտվի մեկ տարուց:
Գործարարները եկել են Հայաստան, ուսումնասիրել օրենսդրությունը, քննարկել ծրագրերը և տեղում էլ որոշել են կյանքի կոչել արևային կայանի գաղափարը:
Բացման խոսքում Աշոտ Մկրտչյանը նշել է, որ իրենք որոշել են իրենց գործարար հայացքն ուղղել դեպի Հայաստան: Նրանք նայում են հույսով և հավատքով դեպի հայրենիք և տեսնում են, որ Հայաստանում բացվում են մեծ հնարավորություններ:
Գաղափարը ծագել էր, երբ անցյալ տարի Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել էր Կիպրահայ գործարար համայնքի հետ և առաջարկել ներդրումային ակտիվություն ցուցաբերել հայրենիքում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մեծ ուրախությամբ շնորհավորել է ներդրողներին այս որոշիչ մեկնարկի առիթով և վստահեցրել՝ Վայոց ձորում ցանկացած ներդումային ծրագիր ապահով է, աջակցելու են, որ բոլոր գաղափարները սպասվածից ավելի մեծ արդյուքն տան: Ներդրողն այստեղ պաշտպանված է իրավական և ռիսկերի գնահատման առումով, մշտապես կարող է ստանալ խորհրդատվություն ու աջակցությունը :
10 մեգավատ հզորությամբ Արեգ Էներգակայնի տարածքը 36 հա է, գտնվում է ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, ներդրումային պորտֆեյլը կազմում է 9մլն ԱՄՆ դոլար: Ներդրողները կիրառել են նոր տեխնոլոգիա՝ օպտիմալ ղեկավարման համակարգով զինված՝ արևին հետևող շարժական կառույց: Դա հնարավորություն է տալու էներգիա ստանալ անկախ կլիմայական պայմաններից:
Նախատեսվում է, որ կայանի կառուցումից հետո այն աշխատակիցներ կունենա և տեղում և հեռավար ձևաչափով:
«Արեգ Էներգիան» ներդրողների միակ նախաձեռնությունը չէ հայրենիքում, բարեհաջող ընթացքի դեպքում կընդլայնեն ներդրումային ոլորտները: Ցանկություն ունեն առաջիկա հինգ տարում մոտ 500 միլիոնի ներդրում կատարել: