Հայտնաբերվել են 53 ինքնակամ կառույցներ․ ՔՏՀԱ տեսչական մարմին.
2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության կողմից կատարվել են 635 դիտարկում և տեղազննում, որից 38-ը՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում մասնակցել են ավարտված շինարարական 477 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 191-ը՝ Երևանում:
Վարչությունը տրամադրել է ավարտական ակտերի վերաբերյալ 257 դրական և 194 բացասական եզրակացություններ:
Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 53 ինքնակամ կառույցներ ՀՀ ամբողջ տարածքում։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ, այն է՝ մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ:
Նշված ժամանակահատվածում տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինության ոլորտին առնչվող 175 դիմում-բողոք և գրություն, որից 81-ը ստացվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, իսկ 94-ը՝ տնտեսավարող սուբյեկտներից և քաղաքացիներից: Գրություններում և դիմումներում նշված հասցեներում կատարվել է մասնագիտական տեղազննություն, ստուգվել իրականացվող շինարարական աշխատանքների, առկա քաղաքաշինական փաստաթղթերի տրման օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Նշված 175 դիմումներից հիմնավոր են եղել 122-ը, լուծում են ստացել 148-ը:
2020 թ. առաջին եռամսյակում ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաև կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ խնդրահարույց և առավել կրկնվող քաղաքաշինության ոլորտում հանդիպող խնդիրները հիմնականում վերաբերում են հետևյալին՝
- ՀՀ Կառավարության N 596 որոշմամբ հաստատված կարգերի շեղումներով համայնքների ղեկավարների կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրմանը.
- Համայնքների ղեկավարների կողմից նախագծման թույլտվությանը (ճարտարապետահատակագծային առաջադրանքին) հակասող նախագծերի համաձայնեցմանը․
- կառուցապատողների կողմից նախագծային շեղումներով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 30 արձանագրություն: Նշանակվել է 5.600.000 դրամի չափով վարչական տուգանք, որից գանձվել է 5.190.000 դրամը:
Քաղաքաշինության բնագավառում կայացված 7 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 1-ը՝ դատական:
Խորհրդատվություն է տրամադրվել թվով 237 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 90 դեպքում` տեսչական մարմնի նախաձեռնությամբ: Տնտեսավարողների և քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերը վերաբերում են․
- շենք-շինությունների, ինչպես նաև հարակից հողամասերում կառուցվող շենքերի միջև եղած հեռավորությանը՝ հարաչափերին.
- բնակարանների լուսավորության և ինսոլացիոն հաշվարկներին․
- պատուհաններից դեպի հարևանի տարածք տեսանելիության հետ կապված հարցեր.
- կառուցապատողների և հարևան շենքերի սեփականատերերի միջև գրավոր համաձայնությունների հետ կապված հարաբերություններին.
- շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության հարցերին:
Խորհրդատվական և իրազեկող բնույթի աշխատանքներ են իրականացվել նաև զանգվածային լրատվության միջոցներով։