Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Թորոսյան
Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ և այս համատեքստում շատ կարևոր հարց է՝ ի վերջո խորհուրդ է տրվում ձեռնոցներ և դիմակներ կրել: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ դիմակներ և ձեռնոցներ առօրյայում կրելու նպատակը որևէ մի տեղից՝ բերան, քիթ ականջ վիրուսը չհասցնելն է, քանի որ մենք հաճախ ձեռքով կարող է դիպչենք մեր դեմքին: Ինչպես նաև խորհուրդ է տրվում դիմակ կրել շատ խիտ մարդկանց շրջապատում:
«Նույնը ձեռնոցն է: Ձեռնոցն ավելի վտանգավոր է, երբ չի փոխվում և պատշաճ չի հանվում»,-ասաց նա և նշեց, որ այսօր նշվում է, թե դիմակ նույնիսկ կարելի է կրել ութ ժամ:
Արսեն Թորոսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում պաշտպանիչ միջոների դեֆիցիտ կա, և հիմա Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խորհուրդը է տալիս կտորից դիմակներ կրել և ամեն օր լվանալ:
«Դիմակ ցանկալի է կրել ինչքան հնարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե որքան դա ձեզ կպաշտպանի կախված է լինելու ձեզանից: Օրինակ ձեռքերն ավելի հաճախ լվանալն էլ ավելի կարևոր է, քան դիմակը, բայց ամեն պահի ձեռքերը լվանալու հնարավորություն կարող է չունենանք: Դիմակ կրելն ամեն դեպքում ամենուր խորհուրդ է տրվում, ինչին ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,-ասաց նա: