Թեհրանում կրիտիկական իրավիճակ է. Փեզեշքիանը զգուշացրել է քաղաքի հնարավոր տարհանման և փակման մասին

 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ եթե ջրամատակարարման իրավիճակը երկրում շարունակի վատթարանալ, իշխանությունները կարող են դիմել Թեհրանից տարհանման: Պետության ղեկավարը այս հայտարարությունն արել է Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ, ըստ «Իտիմադ»-ի։

 Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը բախվում է ջրային զանգվածային ճգնաժամի, որը պայմանավորված է բազմամյա երաշտի և ստորգետնյա ջրերի պաշարների սպառմամբ: Նախագահը նշել է, որ մայրաքաղաքում իրավիճակը դառնում է կրիտիկական։

 «Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել հաջորդ ամսվանից սկսած: Եվ եթե ընդհանրապես անձրև չգա, պաշարները կսպառվեն, մենք ստիպված կլինենք սկսել քաղաքից տարհանումը և առժամանակ փակել քաղաքը», – հայտարարել է նա։

 Նախագահը նաև ընդունել է, որ տնտեսական դժվարությունները, այդ թվում՝ բարձր գնաճը, արտաքին պատժամիջոցների և ներքին կառավարման սխալների արդյունք են: Նա հավելել է, որ սահմանափակ ֆինանսական ռեսուրսները խոչընդոտում են բազմաթիվ կառավարական նախագծերի ավարտին։

 Փեզեշքիանը շեշտել է բնական պաշարների ռացիոնալ կառավարման անցնելու, ջրի և էներգիայի խնայողության չափորոշիչները խստացնելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության համատեքստում գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին:

Ձեզ կեհաքրքրի...