ԱՄՆ մայրաքաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի՝ Քոլամբիայի շրջանի խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Այս մասին հաղորդում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը և Ամերիկայի Հայկական համագումարը:
Բանաձևը, ըստ փաստաթղթի ձևակերպման, «նպատակ ունի ճանաչել և խորհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ու Քոլամբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցանելու կարևորության մասին»:
Միացյալ Նահանգների հայկական կազմակերպություններն ընդգծում են, որ Վաշինգտոնի խորհուրդը նոյեմբերի 8-ին փաստաթուղթը հաստատել է՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունմանը,և երախտագիտություն են հայտնում Քոլամբիայի շրջանին:
Այսպիսով, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը և միակ հատուկ վարչական շրջանը՝ մայրաքաղաք Վաշինգտոնը, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդգծում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը և Ամերիկայի Հայկական համագումարը:
Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած միակ ամերիկյան նահանգը Միսիսիպին է:
azatutyun.am