Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Երեկ կառավարության 3-րդ մասնաշենքը գրոհելու փորձի արդյունքում ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Խաչատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Այս պահի դրությամբ՝ Խաչատրյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, նրա և ոստիկանության ծառայողների մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքից երեկ բերման էր ենթարկվել 111 քաղաքացի՝ խուլիգանության կասկածանքով։ Այսօր արդեն ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որի շրջանակներում ձերբակալվել է 8 անձ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով։ Ձերբակալվածների թվում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։