ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Ինչպես տեղեկացնում է Աաս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում :
«Ողջունում եմ ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է: Նույնիսկ ճիշտ ժամանակն է այս ֆորումը անցկացնելու և ճիշտ վերնագրի ներքո է անցկացվում, որովհետև, սովորաբար, ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար, Հայաստանի Հանրապետությունում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից: Զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն: Զեկույցներն իրականում ոչ թե պատճառ են, այլ արդյունք են: Ես ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպութունների զեկույցներին, հիմա ես ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է, և ես կարծում եմ, որ հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը»,- ասաց վարչապետը:
«Ինչո ՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Մի շատ, կարծում եմ, էական հանգամանքով: Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, և հետևաբար, ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում: Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն առաջարկեց ծափահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարն է: