Շվեդիան պատվիրակություն կուղարկի Անկարա ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ բանակցելու համար

Patvirakutyun

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության համար դիմելու հարցի վերաբերյալ Թուրքիայի ոչ այնքան բարեհաճ դիրքորոշումը: 

Օրեր առաջ այս թեմայի վերաբերյալ հարցին պատասխանելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որի իրենք այնքան էլ ուրախ չեն լինի այդ 2 երկրներին տեսնել ՆԱՏՕ-ում: Էրդողանն իրենց դիրքորոշումը պատճառաբանել էր այն բանով, որ սկանդինավյան երկրները չեն հետապնդում իրենց տարածքում ապաստանող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամներին ու դրա հետ կապված անձանց՝ չնայած թուրքական կողմի խնդրանքներին:

Նախօրեին Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Թուրքիա, մյուս կողմից էլ Շվեդիայի իշխող «Սոցիալ դեմոկրատական» կուսակցությունն է հայտարարել Անկարա պատվիրակություն ուղարկելու մասին, որը թուրքական կողմի հետ պետք է քննարկի ՆԱՏՕ-ին ամդամակցելու մասին Ստոկհոլմի որոշումը:

Բեռլինում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքից հետո այս թեմայով խոսել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ֆինլանդիայի ու Շվեդիայի  դիմումներին, իսկ  այդ հարցում Թուրքիայի հետ ունեցած մոտեցումների տարբերությունները կարող են հաղթահարվել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգն էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ թուրքական կողմն ասել է, թե 2 երկրների անդամակցության գործընթացն արգելափակելու նպատակ չունի:  Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հայտնած «մտահոգությունները» չեն հետաձգի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը կամ անդամակցության գործընթացի մեկնարկը:

Նշենք, որ որևէ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների պաշտոնական համաձայնությունը: 

 

Ermenihaber.am

 

Ձեզ կեհաքրքրի...