Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ. Վահրամ Դումանյան

Atestavorum

  Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ: 

«2021 թվականին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով՝ 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50 տոկոսով՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից:

Մեր քաղաքականությունն է, որպեսզի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը:

Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում: Մարտի 3-ին ԱԺ-ում կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, և այժմ մենք առաջարկում ենք հետևյալը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են:

«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, վերաբերում է կրթության ոլորտին: Դրա համար կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն:

Եկեք առերեսվենք այդ խնդրի հետ: Բազմաշերտ խնդիրներից մեզ համար եղել են ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը: Հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ստանում են ամիսը 30 հազար դրամ աշխատավարձ, սա լրջագույն, համակարգային խնդիր է: Աշխատավարձի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև  ընդգծեց, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել ատեստավորմանը:

«Այս տարի նա կարող է նորից հայտ ներկայացնել և ատեստավորմանը մասնակցել, ավելի բարձր միավոր ստանալու դեպքում նրա աշխատավարձը համապատասխանաբար բարձր կլինի: Ուսուցիչներին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ այս հնարավորությունը տալու ենք, բայց որևէ պահի ատեստավորում անցած ուսուցիչն ուղղակի չի աշխատելու: Ուզում եմ, որ բոլորն արձանագրեն այս ուղերձը: Կառավարությունը կամ նախարարությունը չի որոշելու՝ տվյալ ուսուցիչն աշխատում է  դպրոցում, թե չի աշխատում: Տվյալ ուսուցիչն ինքն է որոշելու՝ աշխատո՞ւմ է դպրոցում, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը:

Ձեզ կեհաքրքրի...