Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է . hhpress
Մոսկվան արցունքների չի հավատում, իսկ Պեկինը չի հավատում Վաշինգտոնի հետ ազնիվ պայմանագրի հնարավորությանը: Հնարավոր է՝ դա անցած շաբաթ լավագույնս բնութագրեց հեռուստահաղորդավար Լյու Ջինգը, երբ ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարների զրույցից անմիջապես հետո գրեց. «ԱՄՆ-ն խնդրում է Չինաստանին՝ հիմա օգնեք մեզ, որ հաղթենք ձեր ընկերներին (ռուսներին), որպեսզի հետո կարողանանք կենտրոնանալ ձեր դեմ պայքարի վրա»: Այստեղ կարեւոր է նշել, որ ոչ միայն չինական առաջատար ԶԼՄ-ները, այլեւ հասարակության զգալի մասը, եթե ելնենք սոցցանցերում հնչած կարծիքներից, քանի որ հասարակական կարծիքի հատուկ հարցում չի անցկացվել, համակրանքով են խոսում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մասին: Չինաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն անկեղծորեն խոսում է այն մասին, որ Ուկրաինայում ստեղծված այժմյան իրավիճակում «մեղավորն ուրիշն է», բայց ոչ Մոսկվան: Այդ ուրիշը, ըստ Պեկինի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն են: Թշնամի՝ Ռուսաստանի համար Ռուսաստանի հետ վերջին գոտեմարտի համար ԱՄՆ-ն ընտրել է Ուկրաինայի տարածքը, որը «հեռավար» ղեկավարում է 2014-ից: Վաշինգտոնն այն ժամանակ ճիշտ հաշվարկեց, որ կարող է համեմատաբար արագ Ուկրաինան դարձնել Ռուսաստանի թշնամին: Այդ նպատակով ԱՄՆ-ն օգտվեց այս երկու սլավոնական մեծ ժողովուրդների բազմադարյան գոյության պատմության ոչ միանշանակ իրադարձություններից: Խոսքն առաջին հերթին խորհրդային անցյալի եւ, մասնավորապես, սովի, նացիստական Գերմանիայի հետ համագործակցության, Ղրիմի հարցի ու այլնի մասին է: Հաջողվեց այդ խնդիրները վերադարձնել օրակարգ, այդ թվում՝ կրթական ծրագրերի միջոցով, այլ ոչ թե միայն ԶԼՄ-ների ու քաղաքագետների: Իսկ քանի որ Մոսկվայի ու Կիեւի դիրքորոշումներն այդ հարցում շատ են տարբերվում, արյունն արագ փոթորկվեց, իսկ մնացած ամեն ինչ արդեն իներցիայով էր տեղի ունենում: Այլ խոսքերով՝ Ուկրաինան կարճ ժամանակում Ռուսաստանի մերձավոր երկրից, որի հետ սերտ համագործակցում էր նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, վերածվեց, ինչպես հիմա սիրում են ասել Մոսկվայում, հակաՌուսաստանի: Նման հանգամանքներում, ինչպես պնդում է Մոսկվան, ընտրության հնարավորություն չէր մնացել: Ի վերջո, եթե նույնիսկ Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, նրան զենք են մատակարարում եւ ամերիկացիները, եւ ՆԱՏՕ-ի հրահանգիչները։ Այնտեղ հակառուսական հռետորաբանությունն օրեցօր ավելի է կոշտացել թե քաղաքական, թե հասարակական ասպարեզում։ Իհարկե, դրանում մեղավոր է նաեւ ռուսական կողմը. Մոսկվան ինչ-որ սխալ քայլեր է արել։ Այժմ Ռուսաստանը կենտրոնանում է իր ռազմական հատուկ գործողության արդարացման ապացույցներից մեկի վրա: Խոսքը հայտնաբերված 15 կենսաբանական լաբորատորիաների մասին է, որոնք աշխատում էին ամերիկացիների, ավելի ճիշտ՝ Պենտագոնի հովանու ներքո։ Այդ լաբորատորիաներում աշխատանքներ են տարվել վտանգավոր հարուցիչների ստեղծման ուղղությամբ, եւ Ռուսաստանում այս տեղեկությունը մեծ հնչեղություն է ստացել։ Մոսկվան ցանկանում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով, սակայն առայժմ՝ անհաջող։ Դրանում նրան աջակցում է միայն Պեկինը, որն սկսել է շատ անհարմար հարցեր տալ ԱՄՆ-ին, այդ թվում՝ Բայդենի որդու՝ Հանթերի՝ այս պատմության մեջ դերի մասին։ Ի դեպ, ԱՄՆ-ում այս թեման լայնորեն է քննարկվում։ Նման լաբորատորիաներ կան նաեւ այլ, այդ թվում՝ Չինաստանի հարեւան երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, սակայն կասկած չկա, որ հենց Ուկրաինան է եղել նրանց կենտրոնը։ ԱՄՆ-ի մարտավարական հաղթանակը Եվ այսպես՝ ԱՄՆ-ն առավելագույնս օգտվեց Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունից՝ մարտավարական հաղթանակ տոնելով Եվրոպայում: Վաշինգտոնը Ռուսաստանին լիովին պոկել է Եվրոպայից ու արեւմտյան տնտեսության համակարգից եւ եվրոպական էլիտաներին մատնացույց է արել իրենց տեղը՝ ցուցադրելով, թե ով է կայացնում առանցքային որոշումները, եւ ում պետք է անվերապահորեն լսեն: Բացի այդ, ամերիկացիներին հաջողվեց իրականություն դարձնել իր շատ ստրատեգների, ինչպես նաեւ եվրոպական երկրների՝ անցյալի շատ ստրատեգների, ինչպիսիք են Բիսմարկն ու Նապոլեոնը, երազանքը: ԱՄՆ-ն արյունոտ բախում կազմակերպեց սլավոնական երկու մեծ ժողովուրդների՝ ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, ինչը պետք է հեշտացնի Վաշինգտոնի ավելի խորը ներթափանցումը եվրասիական մայրցամաքում, որտեղ նրանք մտադիր են մասնատել իրենց ամենամեծ հակառակորդին՝ Ռուսաստանին: Միացյալ Նահանգները Եվրամիությանը զբաղեցրեց Ռուսաստանով եւ խնդիր դրեց նրա առջեւ՝ արգելափակել եւ զսպել Մոսկվային, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներով, հակառուսական աննախադեպ կոշտ հռետորաբանությամբ եւ այլնով, եթե նույնիսկ դրանք շատ թանկ նստեն նույն Եվրոպայի վրա։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը որոշեց մերձենալ իր գլխավոր հակառակորդի՝ Չինաստանի հետ, առանց որի, ըստ ամերիկացիների, Ռուսաստանը չի կարողանա դիմանալ ապագայում։ Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է։ Ճիշտ է՝ առայժմ խոսքը զինված փուլի մասին չէ, թեեւ ներկա պայմաններում դա չի կարելի բացառել, հատկապես եթե հաջողվի մեկուսացնել Ռուսաստանին։ Բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Սակայն նշված մարտավարական հաղթանակից հետո ԱՄՆ-ն կարող է հայտնվել ռազմավարական պարտության ճանապարհին, այսինքն՝ կարող է կորցնել վերահսկողությունը համաշխարհային առանցքային գործընթացների վրա (ֆինանսական համակարգ, ազատականության գաղափարախոսություն եւ ինստիտուտներ): Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անգլո-ամերիկյան կոչերին չեն արձագանքում նույնիսկ դաշնակիցները, ինչպիսին է Թուրքիան, էլ չենք խոսում ԲՐԻՔՍԻ երկրների մասին: Այսպես՝ Հնդկաստանը ոչ միայն չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այլեւ ակտիվորեն քննարկում է Մոսկվայի հետ փոխադարձ առեւտրում ազգային արժույթների՝ ռուփիի եւ ռուբլու անցնելու հնարավորությունը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն անցած շաբաթ դատապարտեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով նրան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկի մեջ։ Բրազիլիան մարտի 24-ին հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցներն անօրինական են։ Բացի այդ, արաբական հարուստ նավթային միապետությունը՝ ԱՄԷ-ն, անցած շաբաթ հյուրընկալել էր Սիրիայի՝ Ռուսաստանի կողմից հովանավորվող նախագահ Ասադին, ինչը շոկ առաջացրեց ԱՄՆ-ում: Վաշինգտոնին ցնցեցին նաեւ Էր-Ռիադի եւ Պեկինի միջեւ բանակցությունները՝ սաուդյան նավթը Չինաստանին յուանով վաճառելու հնարավորության վերաբերյալ: Եթե դա տեղի ունենա, ապա հզոր հարված կհասցվի այսպես կոչված նավթադոլարին, որի վրա հիմնված է ամերիկյան տնտեսությունը 1970-ականներից։ Անցյալ շաբաթ Պուտինը որոշեց, որ «ոչ բարեկամական երկրները», այսինքն՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը, նրանք, որոնք վերջերս պատժամիջոցներ են կիրառել, այժմ ռուսական գազը կգնեն բացառապես ռուբլիով, այլ ոչ թե դոլարով, եվրոյով, ֆունտով կամ իենով։ Եթե համաշխարհային աշխարհաքաղաքական այս հակամարտության վերջում ընդհանրապես հաղթող լինի, ապա տրամաբանորեն դա կլինի միայն Չինաստանը: Չէ՞ որ Արեւմուտքն ու Ռուսաստանը հիմա ծանր պայքար են մղում միմյանց դեմ, հյուծում իրար, իսկ Պեկինը չի ցանկանում պաշտոնապես միանալ այդ պայքարին: Կարելի է ենթադրել, որ նա դա կաներ միայն Ռուսաստանի պարտության իրական սպառնալիքի դեպքում, ինչը չի կարող հանդուրժել: Պեկինն է, որ կորոշի, թե միջազգային որ ինստիտուտներն ապագա կունենան, որոնք են վերածվել անաքրոնիզմի, ինչպես այլ ռազմական միությունները, որոնք, ինչպես մեզ սովորեցնում է պատմությունը, նախկինում անսասան էին թվում: Համաշխարհային աշխարհաքաղաքական պայքարի այս վերջին փուլն արդեն ձեւավորել է նոր աշխարհ եւ կարող է ավարտվել շատ ավելի շուտ, քան ենթադրվում է։ Հիմնական ուրվագծերն արդեն գծված են, մնացել են միայն դետալները։ Այժմ չափազանց կարեւոր է, որ այդ «դետալները» չհանգեցնեն գործընթացների նկատմամբ վերահսկողության կորստի։ Որպեսզի նման բան տեղի չունենա, անհրաժեշտ է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական եռանկյունու (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) առանցքային գագաթներից ոչ մեկն իրեն պարտված չզգա։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am