Թուրքիային հրում են դեպի նոր պատերազմ Սիրիայում . hhpress

Paterazm Siriayum

 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդես է եկել Թուրքիային ուղղված անսպասելի կոչով՝ հայտարարելով, որ ռուսական ղեկավարության որոշումը՝ հատուկ գործողության ընթացքում օգտագործելու Մերձավոր Արեւելքի կամավորականներին, «որոշակի ազդանշան է՝ հղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»: Դուդայի հայտարարությունը բնորոշվել է որպես փորձ՝ Անկարային մղելու հերթական հարձակման Սիրիայի հյուսիսում, երկրում, որը կարող է լինել ռազմական կամավորականների հիմնական աղբյուրը: Բայց չնայած այն բանին, որ համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ սեւեռված է Ուկրաինայի վրա, Թուրքիան դժվար թե համարձակվի օգտվել այս պահից: Դուդան վստահություն է հայտնել, որ այս հանգամանքներում, երբ պլանավորվում է Ուկրաինայի ռազմական գործողություններում ներգրավել Մերձավոր Արեւելքի երկրների կամավորական ստորաբաժանումներին, ՆԱՏՕ-ն հետաքրքրված է լրացուցիչ օգնություն ցուցաբերել Կիեւին: Լեհ ղեկավարը շեշտել է, որ այդպիսի իրավիճակը «հետաքրքիր ազդանշան է Թուրքիայի համար»: Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները սիրիական հարցում սերտ կապերի մեջ են ռուսաստանյան ղեկավարության հետ, սակայն ուկրաինական ասպարեզում նրանք ռազմական հակամարտության տարբեր կողմերի են աջակցում: Վերջին տարիներին Անկարային մեկ անգամ չեն կասկածել Սիրիայի հյուսիսում իր ազդեցության  գոտին ընդլայնելու ցանկության մեջ՝ ի վնաս Մոսկվայի հետ պայմանավորվածությունների: Ճիշտ է՝ Պենտագոնում առայժմ չեն շտապում խոսել հակամարտության գոտի արաբ կամավորների զանգվածային հոսքի մասին: «Մենք դեպի Ուկրաինա Ռուսաստանի կողմից վարձված կամ հավաքագրված օտարերկրյա մարտիկների հոսք չենք տեսնում, բայց տեսնում ենք Ռուսաստանի շահագրգռվածությունը դրանում»,-բրիֆինգում հայտարարել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Մամուլի քարտուղարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քեննետ Մակկենզին շեշտել է, որ առայժմ Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարության վերահսկած տարածքներից մարտիկների զանգվածային ներգրավման մասին որեւէ նախանշան չի նկատվում: «Մենք դրան ուղղված լայնածավալ ջանքեր չենք նկատել»,- ասել է Մակկենզին: Այնպես որ, արեւմտյան երկրները, հավանաբար, «կամավորական» թեմայի համատեքստում դեռ ինչ-որ բանի արձագանքելու պատճառ չունեն։ Անկարային երկար ժամանակ մղում են կոշտացնելու իր քաղաքականությունը Կրեմլի նկատմամբ, սակայն Թուրքիան հրաժարվում է միանալ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին՝ միջնորդական օգնություն ցուցաբերելով եւ մասնակցելով հումանիտար խնդիրների լուծմանը։ Օրերս Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է ապաստան տրամադրել ուկրաինացի նկարիչներին, գիտնականներին եւ մարզիկներին։ Նա ընդգծել է, որ Անկարան փախստականների խնդրի լուծման մեծ փորձ ունի, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի պետությունները, որոնք այժմ բախվել են տեղահանվածների ալիքի հետ, չունեն գիտելիքների նման պաշար։ Սիրիական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի առաջնահերթությունները կարող են միանգամայն այլ լինել: Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է, որ Էրդողանը ծրագրում է իր բանակի մոտ 400 զինվորականների, ովքեր տեղակայված են Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում, տեղափոխել Իրաք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարելու նպատակով, որին Անկարան սպառնալիք է համարում իր ազգային անվտանգության համար: Զորախումբը, ըստ տեղեկությունների, արդեն ավարտել է Արաբական Հանրապետությունից հեռանալու նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է մեկանգամյա գործողություն չլինել, եւ Թուրքիան միանգամայն ունակ է նաեւ այլ ուժեր տեղափոխել հարեւան երկրի տարածք։ Բուն սիրիական ասպարեզում Անկարայի համար գլխավոր սպառնալիքը, նրա իսկ գնահատականների համաձայն, բխում է գերազանցաբար «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքից, որում գերակշռում են քրդական կազմավորումները։ Թուրքիան համարում է, որ դրանք պատկանում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, մինչդեռ ԱՄՆ-ն դրանց մեջ տեսնում է տարածաշրջանում իր գլխավոր հենարանին: Սաուդյան «Asharq al-Awsat» պարբերականի համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում թուրք զինվորականները եւ նրանց հավատարիմ ապստամբ ստորաբաժանումներն ուժեղացրել են հարձակումները Հասեքե նահանգի գյուղական տեղանքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի պատասխանատվության գոտում է: Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է, որ եթե Թուրքիան հիմա ցանկանում է գործողություն իրականացնել Սիրիայում, Դուդային դա չի ուրախացնի: «Եթե Անկարան որեւէ մեկին ընտրի որպես իր գրոհի նպատակ, դա հաստատ Ռուսաստանի դաշնակից Բաշար Ասադը չի լինի, այլ ԱՄՆ-ի դաշնակիցները՝ հյուսիս-արեւելքում գտնվող քրդական կազմավորումները»,- նշել է նա՝ ուշադրություն դարձնելով, որ այդ խմբավորումները, որոնք կազմում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կորիզը, իրենց տեղեկատվական քաղաքականության համատեքստում աջակցում են ուկրաինական կողմին: Կիեւի շուրջ իրավիճակից, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, կարող է օգտվել միանգամայն այլ խաղացող՝ Թեհրանը: Ստամբուլի «Ջուսուր» վերլուծական կենտրոնի փորձագետները նշել են, որ Իրանը Սիրիայում ամրանալու ցանկություն է դրսեւորում: Դրա մասին են վկայում մի շարք նախանշաններ: Այսպես՝ դրանց թվում է այն ընդունելությունը, որին Թեհրանում փետրվարի 27-ին արժանացավ Սիրիայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Ալի Մամլյուքը: Բացի այդ, կարեւոր իրադարձություն է համարվում մարտի 2-ին Իրաքում գործող շիական աշխարհազորային «Հաշդ աշ-Շաաբիի» առաջնորդ Ֆալեհ ալ-Ֆայյադը: Փորձագետների խոսքերով՝ Դամասկոսն ու Թեհրանը այսպես ցանկանում են բարձրացնել անվտանգության ոլորտում համակարգման մակարդակը: Թուրքական «Ջուսուրի» փորձագետները վստահ են, որ Ուկրաինայում հակամարտության փաստացի շարունակումը կարող է հանգեցնել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության նվազման: Իրանը բաց չի թողնի հնարավորությունը՝ ամրապնդելու ու ընդլայնելու իր ազդեցությունը տարբեր ոլորտներում՝ օգտվելով սիրիական վարչակազմի ցանկությունից՝ ստանալու Թեհրանի օգնությունն ու աջակցությունը: Իսկ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը մոտ ապագայում կարող է փոխել իր նպատակները։ Դա տեղի կունենա, եթե մարտի 24-25-ին կայանալիք ՆԱՏՕ-ի կամ ԵՄ գագաթնաժողովներում հաստատվի Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու գաղափարը, ինչի մասին անցյալ շաբաթ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ միտքը որակել է որպես «դեմագոգիկ»՝ համարելով, որ ՆԱՏՕ-ն դժվար թե աջակցի դրան։ Այնուամենայնիվ, հավանական է, որ Լեհաստանը Եվրոպայում համախոհներ կգտնի։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.hhpress.am

 

Ձեզ կեհաքրքրի...