Թուրքերի կարծիքով՝ Դոնեցկից ու Լուգանսկից հետո մի օր Մոսկվան կպահանջի Կարսն ու Արդահանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանցկի անկախությունների ճանաչումը և այնտեղ խաղաղություն ապահովելու համար զինված ուժերին տված հանձնարարականը ուշագրավ արձագանք է գտել սոցցանցերի թուրքական տիրույթում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները:
Նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878թթ. Օսմանյան կայսրություն-Ռուսաստան պատերազմի հետևանքով էին հիշյալ շրջանները փոխանցվել ռուսական կայսրությանը»:
Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ստորև՝
«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»:
«Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող Կարսի ու Արդահանի, ինչպես նաև նեղուցների մասին ասել այն, ինչ այսօր ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»:
«Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»:
«Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:
Աղբյուր` Ermenihaber.am