Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Բորիս Ավագյանի նկատմամբ. Aravot
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 4-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 41-ամյա Բորիս Ավագյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով։ 2021 թվականի ապրիլին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։ Համաձայն հաղորդագրության՝ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ ԱԻՊԾ-ն ընդգծել է՝ Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը «ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։ «Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», – ասված է եղել հաղորդագրությունում։