Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց
Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից, միևնույն ժամանակ երկիրը բախվել է մի շարք իրադարձությունների, որոնք լուրջ ազդեցություն են թողել նրա ինստիտուտների գործունեության վրա՝ նշված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դատին այսօր ներկայացվելիք փաստաթղթում։
Ֆինլանդիան ու Շվեդիան ներկայացնող պատգամավորներ Կիմմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հեղինակած՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևի նախագիծը և կից զեկույցը, որը ժամեր անց պետք է քննարկվի ու քվեարկվի Ստրասբուրգում՝ դառնալով ԵԽԽՎ բանաձև, փաստում է՝ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ առավ Լեռնային-Ղարաբաղի հակամարտության հետևանքով։
«Ճգնաժամը հանգուցալուծվեց 2021թ. հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով՝ չնայած լրջորեն բևեռացված միջավայրին», – ասված է բանաձևի նախագծում։
2018 թվականի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ասված է, որ դրանք զերծ էին այն խախտումներից, որոնք առկա էին նախկինում անցկացված բազմաթիվ ընտրությունների ժամանակ։ Անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախագծում գոհունակություն է արտահայտված, որ հայաստանյան ընդդիմությունն ընդունեց արդյունքները իրավական ճանապարհով դրանք վիճարկելուց հետո և չբոյկոտեց խորհրդարանի աշխատանքը։
Միաժամանակ, ԵԽԽՎ-ն իր ափսոսանքն է հայտնում այն քաղաքական մթնոլորտի վերաբերյալ, որի ներքո անցկացվեցին 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ծայրահեղ բևեռացվածություն և ընտրությունների հիմնական մասնակիցների միջև սուր հռետորաբանություն։ Ըստ նախագծի՝ այդ ընտրությունների ժամանակ կանայք մղված էին հետին պլան։ ԵԽԽՎ-ն կոչ է անում հայաստանյան քաղաքական ուժերին փոխել նման քաղաքական մշակույթը։
Փաստաթղթով ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների։ Մասնավորապես՝ հստակ իրավական սահմանում ապահովել նախընտրական ծախսերի վերաբերյալ, վերացնել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ առկա արգելքը, որպեսզի նրանք ևս կարողանան առաջադրվել ընտրությունների ժամանակ, տուգանք սահմանել նախընտրական քարոզարշավի ժամանակ զրպարտության համար, թույլ տալ ընտրողներին իրավական ճանապարհով վիճարկել իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները։
Հաջորդ խոշոր հատվածը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, որի վերաբերյալ փաստաթուղթը կոչ է անում հասնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
ԵԽԽՎ բանաձևի նախագիծը պահանջում է վերադարձնել հայաստանցի բոլոր ռազմագերիներին՝ համաձայն զինադադարի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։ Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմ հիմնել։ Զերծ մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրող հայտարարություններից և գործողություններից։ Հայաստանին կոչ է արվում հանձնել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։
Մամուլի ազատության մասով նշելով, որ Ղարաբաղյան պատերազմից հետո, ի պատասխան աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման, Հայաստանի իշխանությունները մեծացրին վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքի չափը, ինչպես նաև քրեականացրեցին պետական պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցնելը, ԵԽԽՎ-մ կրկնում է իր դիրքորոշումը, որ զրպարատությունը չպետք է քրեականացվի, և կոչ է անում պաշտոնական Երևանին համոզվել, որ խոսքի ազատության ու անձի արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռությունը պահպանված է։
Աղբյուր՝ azatutyun.am