Խոշոր ավտովթար Երևանում. «Max Oil» բենզալցակայանի դիմաց բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. Niva-ն գլխիվայր շրջվել է.
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Գևորգ Երիցյանն ու Էդգար Մկրտչյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: