Իսրայելը պահանջում է դադարեցնել բանակցություններն Իրանի հետ

Israyel

  Իսրայելը համաշխարհային գերտերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, քանի որ Թեհրանը, համաձայն ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի, որոշել է Ֆորդոյի հարստացման գործարանում սկսել 20% ուրանի արտադրությունը 166 ժամանակակից IR-6 ցենտրիֆուգներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն։ Իրանը պատասխանել է, որ Վիեննայում (որտեղ բանակցություններ են ընթանում) դիվանագետները չեն լսի Իսրայելի «հրահանգները»։ Բանակցողները փորձում են փրկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը, որը փլուզման եզրին էր այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա գործարքից: Նախագահ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կվերադառնա համաձայնագրին և կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե այն կատարի անհրաժեշտ պահանջները։ Այնուամենայնիվ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի հայտարարել էր, որ Թեհրանը հոռետեսորեն է վերաբերվում երկուշաբթի վերսկսված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերահաստատման նպատակով Վիեննայի բանակցություններին: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...