Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելուն աջակցելու հարցով:
Նա նշել է, որ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ նշված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում մինչ օրս վերացված չէ, ինչի հետևանքով չի կարողանում դուրս գալ երկրից:
Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության համագործակցության արդյունքում վերացվել է քաղաքացու համար առաջացած ելքի խոչընդոտը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։
Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ այս համակարգային խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:
Անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ։ Սա նախատեսված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ: Ինքնին ՍԷԿՏ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։
Գլխավոր խնդիրներից է այն, որ օրենքը նշված խափանման միջոցի դեպքում ՍԷԿՏ համակարգ տվյալների մուտքագրումը և մարդու ելքի արգելափակում չի նախատեսում։
Այսինքն՝ այս սահմանափակումն որևէ օրենքի մակարդակով նախատեսված չէ։ Ավելին, մարդիկ գլխավորապես չեն էլ տեղեկացվում, որ ընտրված խափանման միջոցի հետ միասին իրենց նկատմամբ կիրառվել է օրենքով չնախատեսված արգելք, այն է՝ սահմանափակվել է պետական սահմանի հատումը որևէ անցակետով։
Շարունակել են արձանագրվել դեպքեր, որ խափանման միջոցի վերացման դեպքում համապատասխան գրառում ՍԷԿՏ համակարգում չի արվել, և երբ անձը ցանկացել է հատել ՀՀ պետական սահմանը, տեղեկացվել է, որ իր նկատմամբ դեռևս առկա է արգելք:
Առկա են ավելի խնդրահարույց դեպքեր, երբ նշված սահմանափակումը կիրառվում է անգամ առանց նշված խափանման միջոցի ու անգամ կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ոստիկանության ՀՀ քննչական կոմիտեի և մի շարք այլ մարմինների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի պատշաճ համագործակցություն՝ իրավասու պաշտոնատար անանց մակարդակով: Հարցերը ստանում են արագ արձագանք, բայց համակարգային խնդիրը շարունակվում է պահպանվել:
Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված բողոքներով վեր են հանվել նաև այնպիսի դեպքեր, երբ անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակած պատիժը, սակայն նրանց՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չի հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:
Դատավարությունն ավարտված լինելու պատճառով նման վիճակում հայտնված մարդիկ չեն էլ կարողանում գտնել այն իրավասու մարմնին, որ կարող է վերացնել արգելքը։
Խնդիրը շարունակում է արդիական մնալ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ կայացված որոշումից հետո։
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը: