Աշոտ Մինասյանը կալանավորվել է Փաշինյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով
ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Այս քրեական գործով ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ):
Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել էր ստորադաս դատարանների կայացրած այդ որոշումները՝ պնդելով, որ դրանցում արձանագրված հետևություններն անհիմն են, չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Դրա արդյունքում հնարավոր չի դարձել խափանման միջոց կալանավորման հիմքերին անդրադառնալը:
Մասնավորապես, վճռաբեկ բողոքում նշվել է, որ Ա. Մինասյանը կարողացել է հանգամանալից կերպով պլանավորել հանցագործության կատարումը՝ առանց խոչընդոտների ապօրինի ձեռք բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում, որոնց միայն քանակն ինքնին վկայում է, որ այդ հարցում նա գործել է այլ՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Հետևաբար մեծ է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ՝ Ա. Մինասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալու կամ հանցակիցների վարքագիծն ուղղորդելու ճանապարհով:
Հաշվի առնելով նշված և այլ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները և կայացնել Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտ:
ՀՀ վճռաբել դատարանն իր իսկ ձևավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով միջնորդություններում ներկայացված փաստական տվյալները և ստորադաս դատարանների արած վերլուծություններն ու հետևությունները՝ գտել է, որ վերջիններս հաշվի չեն առել և պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ: Իսկ ձեռք բերված առանձին փաստական տվյալների անդրադառնալիս ստորադաս դատարանները կիրառել են այնպիսի ապացուցողական չափանիշներ, որոնք բնորոշ են ոչ թե մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորման միջնորության, այլ դատարանում գործի ըստ էության քննությանը՝ խախտելով քրեական դատավարության փուլային կառուցվածքը:
Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության: