Դանակ, կացին, հրացանից արձակված պարկուճներ․ մանրամասներ՝ Վանաձորում հնչած հերթական կրակոցներից
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։
Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով, և Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Խալափյանը իրենց մոտ եղածսուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։ Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ոփյանը ինքնակամ ներկայացել է Լոռու մարզաին քննչական վարչություն։ Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական հաշվառված է Ա. Ոփյանի անունով։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ՝ Հ. Գասոյանին, Ա. Թաթուլյանին և Ա. Խալափյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 29-ին հերթական կրակոցներն էին հնչել Լոռու մարզում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ: