Իլհամ Ալիևի զարմուհին փողերի լվացման միջոցով Ադրբեջանից 14 մլն ֆունտ է տեղափոխել Բրիտանիա

Londo

 Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը բավարարել է բրիտանական Evening Standard պարբերականի հայցը, ինչի արդյունքում պարզվել է, որ Իբիցայում երեկույթների կազմակերպմամբ զբաղվող Իզատ Խանիմ Ջավադովան, ով որպես դիջեյ ներկայանում է Միքայելա Ջավ կեղծանվամբ, և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը սերտորեն կապված են Ադրբեջանի ղեկավարության հետ:

Մասնավորապես, Ջավադովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի աղջիկը: Նա Լոնդոն է ժամանել առնվազն տասը տարի առաջ և կարողության շնորհիվ կարողացել է վիզա ստանալ:

Միացյալ Թագավորության Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մեղադրում է զույգին Լոնդոնում իրենց կյանքը ֆինանսավորելու նպատակով հանցավոր գումարներ օգտագործելու մեջ: Այժմ գործակալությունը փորձում է կասեցնել նրանց մի քանի միլիոնանոց բանկային հաշիվները: Այն հայտնել է դատարանին, որ գումարները լվացվում են Բրիտանիայում, որտեղ հասնում են գործարքների ու փոխանցումների բարդ ցանցի միջոցով՝ կոծկելով դրանց ստացման իրական ապօրինի աղբյուրները:

Զույգի սեփականությունն են համարվում մի քանի միլիոն ֆունտ արժեցող տներ ու բնակարաններ Լոնդոնում, վիլլա և լյուքս դասի բնակարան Իբիցայում, ինչպես նաև Ադրբեջանում գույքի ծավալուն պորտֆել: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի նախագահի զարմուհին Լոնդոնում հիմնել է մի կազմակերպություն, որը զբաղվում է քաղաքում երեկույթների, ինչպես նաև իսպանական Իբիցայում տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ:  

Զույգը մինչ օրս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքներն ու համոզել դատարանին գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակ պարագայում իրենց հեղինակությանը մեծ վնաս է հասցվելու: Սակայն Evening Standard-ը, երկու տարի շարունակվող դատական գործընթացներից հետո, կարողացել է հասնել նրանց ինքնության բացահայտմանը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում սկսվելու են դատական լսումները, որի շրջանակում Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը փորձելու է բռնագրավել Coutts, Barclays, Lloyds, Metro Bank և Santander բանկերի հաշիվներում զույգին պատկանող շուրջ 6.5 մլն ֆունտ ստերլինգը:

Իլհամ Ալիևի զարմուհին և նրա ամուսինը քննիչներին ասել են, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ իրենց համոզմամբ՝ գումարների իրական աղբյուրը կոռուպցիան է, և որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:

Դատարանը քննելու է ապացույցները, համաձայն որոնց՝ Ջավադովները 2007-2018 թվականներին Մեծ Բրիտանիայի իրենց հաշիվների վրա գումարներ են ստացել «Ադրբեջանական լվացքատան» ծառայությունների միջոցով: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Ջավադովների հաշիվներին գումարներ են փոխանցվում 21 կազմակերպությունների կողմից, որոնք տեղակայված են Սեյշելներից ու Մարշալյան կղզիներից մինչև անգլիական Փորթերս Բար քաղաք, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում գտնվող բանկերից:

Այդ ընկերություններից վեցը պարզվել են, որ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հանցավոր սխեմայի մաս են կազմել, որի շրջանակում հսկայական գումարներ են դուրս բերվել Ադրբեջանից՝ կառավարող էլիտայի՝ Ալիևիների ընտանիքի անձնական բարօրությունն ապահովելու նպատակով:

Ձեզ կեհաքրքրի...