Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն.
Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն։ Այս մասին այսօր ԱԺ- ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ։
Հոգեբանական թեստի հարթակը նոր օրենքի նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային հարթակը նոր պետք է մշակվի։
Դատավորների թեկնածուների տարիքը ներկայիս 28-ի փոխարեն նվազեցվել է 25-ի։
Անդրադառնալով հարցին, թե դատաիրավական համակարգի բարեփոխումներն ինչու են որոշել սկսել հենց դատական համակարգից, նախարարն ասաց, որովհետև հենց դատական համակարգն է, դատական իշխանությունն է անկյունային դեր կատարում արդարադատության կայացման մեջ։
Նախագծով սահմանվել է նաև դատավորների կոռուպցիոն ու կարգապահական խախտումների դեպքում վարույթներ հարուցելու կարգերը։
Նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ դարձնելով 8, որոնցից 2-ին առաջադրելու են ՀԿ-ները։ Բայց նրանք պետք է լինեն իրավաբան գիտնականներ։
Նախատեսվում է ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից: Այն կքննարկի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները։
«Եվս մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել էթիկայի կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Բադասյանը։