Ինչ է սպասվում Արցախում. Ջո Բայդենի առաջին ուղերձը Կոնգրեսին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ կարգավիճակում առաջին անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին:
Բայդենը Կոնգրեսին հղած ուղերձում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությանը, նշելով, որ չնայած դիմակայությանը, այնտեղ, որտեղ շահերը համընկնում են՝ Վաշինգտոնը կաշխատի Մոսկվայի հետ: Բայդենը բերել է երկու օրինակ՝ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրի շարունակությունը, ինչպես նաև կլիմայի բարելավման վերաբերյալ աշխատանքը: Ամերիկա-ռուսական հարաբերությունը անշուշտ հսկայական կարևորություն ունի նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս, ու այդ համատեքստում մեզ ներկայումս հետաքրքրում է իհարկե հարցը, թե արդյո՞ք Կովկասում կա ամերիկա-ռուսական շահի համադրության հեռանկար, արդյո՞ք Արցախի հարցում կա ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի ներուժ:
Մյուս կողմից, Հայաստանը պետք է ոչ միայն սպասի այդ ռեժիմին, այլ փորձի իր հերթին նպաստել այդ ռեժիմի ձևավորմանը կամ առաջմղմանը: Սա շատ բարդ խնդիր է, հաշվի առնելով այն, որ լայն իմաստով այդուհանդերձ ամերիկա-ռուսական դիմակայությունը ոչ թե թուլանում է, այլ դրսևորում աճման միտում: Սա իր հերթին բերում է նրան, որ աճման միտում է դրսևորում Հայաստանը լիակատար ենթակայության տակ պահելու ռուսական ձգտումը: Ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այդ փակուղուց, գտնելով Արցախի հարցում ամերիկա-ռուսական շահի համադրման ուղղությամբ իր անելիքը: Այստեղ կարող է միջանկյալ կարևոր օղակ լինել Ֆրանսիան, որի ուղղությամբ թերևս պետք է նկատելիորեն աշխուժացնել դիվանագիտական-քաղաքական աշխատանքը։