Մեծ Բրիտանիան նոր օրենք կընդունի «թշնամական երկրների», այդ թվում` ՌԴ-ի և Չինաստանի դեմ պայքարելու համար. The Times

Razmavarutyun

 Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է նոր օրենք ներկայացնել, համաձայն որի՝ թագավորությունում օտարերկրյա պետությունների անունից աշխատող բոլոր անձինք պարտավոր են գրանցել իրենց ներկայությունը երկրում, գրում է The Times-ը: 
Նշվում է՝ այս միջոցառումներն ուղղված են Մեծ Բրիտանիային «թշնամական պետություններից», ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, պաշտպանելուն: 
Պարբերականի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհայտարարի նոր օրենքի ներդրման մասին՝ թագուհու ելույթի ընթացքում, որը նախատեսված է մայիսի 11-ին: Նա մտադիր է առաջ քաշել նոր կարգավորումների ներդրումը՝ Մոսկվայի և Պեկինի գործողությունների առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին: 

Ըստ նոր կարգավորումների՝ պարտադիր գրանցումից հրաժարվելը կհանգեցնի քրեական պատասխանատվության: Նորամուծությունները կընդլայնեն գործող օրենքի ազդեցությունը, և այն կտարածվի նաև Մեծ Բրիտանիայի ազգային շահերին սպառնացող օտարերկրյա լրտեսների հետապնդման և արտաքսման վրա: 

Նշենք՝ օտարերկրացիների գրանցման գաղափարը հիմնված է ԱՄՆ-ում գործող նման սխեմայի վրա, որտեղ օտարերկրյա գործակալները պետք է պարտադիր գրանցում անցնեն երկրի արդարադատության նախարարությունում, ինչպես նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ: Օրենքը վերաբերում է յուրաքանչյուր անձի, որը ներկայացնում է այլ պետությունների շահերը: 

Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է վերանայել նաև Պետական գաղտնիքների մասին օրենքը և փոփոխել գործող կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել նաև օտարերկրացիների նկատմամբ, որոնք փորձում են «արտերկրից խաթարել Միացյալ Թագավորության ազգային շահերը»: Ներկայում այս օրենքը տարածվում է միայն արտասահմանում գտնվող Մեծ  Բրիտանիայի քաղաքացիների վրա: 

Բացի այդ, նախատեսվում է փոփոխել օրենքում օգտագործվող տերմինները, որոնք կառավարության շատ անդամների կարծիքով «հնացած են»: Այժմ ապօրինի գործողությունը համարվում է «սխեմայի, ծրագրի, մոդելի գողություն, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտակար լինել թշնամուն»: Կառավարությունը նախատեսում է նաև այս ձևակերպումը փոխարինել «փաստաթղթով, տեղեկատվությամբ կամ այլ բանով, որը կարող է օգտակար լինել օտար պետություններին» կապակցությամբ:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...