ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. նրան կփոխարինի Ջհանգիրյա՞նը
Այսօր հայտնի դարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
ՀԺ-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով` դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն.
«Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշեց Աբրահամյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ստանալ ԲԴԽ թույլտվությունը, Աբրահամյանը նշեց. «Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»:
Նշենք նաեւ, որ «Դատական օրենսգրքի» 165-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազրությունները կասեցվում են:
Կասեցվելու դեպքում, 84-րդ հոդվածի 13 կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը: ԲԴԽ ամենատարիքով անդամն այս պահին Գագիկ Ջհանգիրյանն է:
Քրեական գործ հարուցելու դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց ԲԴԽ նախագահից, սակայն Վարդազարյանը նշեց, որ ոչինչ չի ցանկանում մեկնաբանել. «Վաղն առավոտյան մեկնաբանություն կլինի՝ հաղորդագրության տեսքով»,-ասաց ԲԴԽ նախագահը:
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը նույնպես մեզ փոխանցեց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի ցանկանում տալ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը: Խորհրդարանի և ԲԴԽ նախագահ հարցուպատասխանի ժամանակ սակայն պատգամավորները Վարդազարյանին ուղղում էին քաղաքական հարցեր՝ կապված «վնգստացող դատավորների» մասին նրա հայտնի հայտարարության հետ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից հայտարարեց, որ խմբակցությունը չի ընտրելու ներկայացրած թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնում ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ: