Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է. Արա Սաղաթելյան
Ակնհայտ է, որ կմասնակցեմ նախընտրական գործընթացներին, բայց դա կլինի կուսակցական գործունեություն, թե ոչ, այս պահին ասել չեմ կարող։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ես չեմ վստահում իրենց կազմակերպած ընտրություններին, և կարծում եմ՝ որևէ ողջամիտ մարդ, տեսնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարքագիծը, չի կարող վստահել նրանց։ Իրականության մեջ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ են կեղծել, չեն կատարել որևէ խոստում, բացի այդ էլ, տեսանք, թե ինչպես են նրանք կեղծում մեր ակնկալիքները 44 օրյա պատերազմի ժամանակ՝ խոստանալով հաղթանակ, բայց տանելով պարտության», – ասել է Արա Սաղաթելյանը։
«Բայց եթե ներկայիս իշխանությունը լինի ողջամիտ, ինչը ես կասկածում եմ, նրանք կարող են հանգուցալուծել։ Սակայն մենք գործ ունենք սուտասան ու բառադի մարդկանց հետ»,-հավելել է Սաղաթելյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Վանո Սիրադեղյանն ասում էր, որ պետությունն ուժեղ է իր բառադիությամբ, Արա Սաղաթելյանն արձագանքել է.
«Վանո Սիրադեղյանն ասում էր՝ մեր ուժը մեր բառադիության մեջ է։ Դրանք այլ ժամանակներ էին, երբ նա ասել է։ Եվ հետո, Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր. ի տարբերություն նրա, Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է։ Նրա մոտիվացիաները քաղաքական գործչի մոտիվացիաներ չեն, նա իր նպատակներին հասնելու համար ոչնչացնում է պետական ինստիտուցիոնալ համակարգը»,-նշել է Արա Սաղաթելյանը։