Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին. նա 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ARMTIMES
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է մարտի 12-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է:
Մասնավորապես Փոստանջյանի այս հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զրպարտություն. «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»:
Հունանյանն ասաց, որ, ըստ հայցադիմումի, զրպարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան:
Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ որպես փոխհատուցում Զարուհի Փոստանջյանից 2 մլն ՀՀ դրամ են պահանջում: