Ինչքան և ինչ արժեքով ապրանքներ են գնում հայաստանցիներն Ինտերնետից․ ԵԱՏՄ-ն կարող է փոխել իրավիճակը

On line gnumner

Հայաստանում արտասահմանյան ինտերնատային խանութներից առևտուր անելու մշակույթը վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի տարածված է դառնում։ Միջազգային առցանց խանութներից օգտվելու հայաստանցիների հնարավորությունները, սակայն, կարող են էապես սահմանափակվել, եթե Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), որի մաս է կազմում Հայաստանը, որոշեն իջեցնել չմաքսազերծվող առաքանիների գնային շեմը։

Ինչո՞ւ կան այդպիսի մտավախություններ

Դեռևս անցած տարվա դեկտեմբերին այն ժամանակվա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավանության էր արժանացրել ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի առաջարկը՝ 2020-ի հուլիսի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից գնված ապրանքների չմաքսազերծվող գնային շեմը մինչև 100 եվրո, իսկ 2022-ի հունվարից մինչև 20 եվրոյի իջեցնելու վերաբերյալ և հանձնարարել քննարկել դա ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ։ Այս տարվա հունվարի 28-ին էլ՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին ընդառաջ, ռուսական ТАСС-ը գրել էր, որ այդ միջոցառման ժամանակ է քննարկվելու մաքսային շեմն իջեցնելու հարցը։

Ալմաթիում, սակայն, այդ որոշումը չընդունվեց, փոխարենը որոշվեց ուսումնասիրել հարցը վեց ամսում և ապա նոր անցնել դրա քննարկումներին։

Հարկ է նշել նաև, որ ԵԱՏՄ-ում դեռևս 2017 թվականին ընդունված որոշմամբ՝ առանց մաքսային վճարների ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների գնային շեմը 2018-ի հուլիսի 1-ից 500 եվրո է, այնինչ մինչ այդ գործում էր 1000 եվրոյանոց շեմը։ 2020 թվականի հունվարի մեկից գործում են արդեն նոր կարգավորումները, որոնցով մաքսազերծման են ենթակա արդեն 200 եվրոյից ավելի թանկ ապրանքները։

Այսինքն, սկսած 2018 թվականից՝ չմաքսազերծվող ապրանքների գնային շեմն արդեն իջել է երկու փուլով՝ սկզբից 1000-ից 500, ապա 500-ից 200 եվրո։

Ինչպե՞ս սա կազդի հայաստանցիների վրա

Ինչպես արդեն նշեցինք, հայաստանցիների վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են օգտվում արտասահմանյան ինտերնետային խանութներից։ Այդ մասին են վկայում նաև ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները։

Այսպես, 2017 թվականի ընթացքում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան է ներմուծվել 218 հազար 530 հատ փոստային առաքանի։ Ընդ որում՝ եթե 2017-ի հունվարին ներմուծվել էր ընդամենը 4842 առաքանի, ապա տարեվերջին՝ դեկտեմբերին, արդեն 27,807 հատ։

2018-ին պատկերն արդեն բոլորովին այլ է։ Ներմուծված փոստային առաքանիների քանակը 2017-ի քանակից ավել է ավելի քան չորս անգամ՝ 907 հազար 685 առաքանի։ Այս դեպքում էլ, ինչպես 2017-ին, ահռելի տարբերություն կա հունվար և դեկտեմբեր ամիսների միջը՝ 18,117 հատ առաքանի հունվարին և 216 հազար 208 առաքանի դեկտեմբերին։

Այս միտումը շարունակվել է նաև 2019-ին, որի ընթացքում ներմուծված փոստային առաքանիների քանակը հաշվվում է արդեն միլիոններով,ընդհանուր առմամբ՝ 2 միլիոն 641 հազար 370 հատ։ Ընդ որում՝ 2019-ի հունվարին ներմուծվել է 153 հազար 125 հատ փոստային առաքանի, իսկ դեկտեմբերին՝ 304 հազար 599 հատ։

Internetum gnumner

Հայաստան ներմուծվող փոստային առաքանիների աճի դինամիկան ավելի ակնհայտ է դառնում նաև եռամսյակային կտրվածքներով։

Gnumner

Այս տվյալները լավագույնս արտացոլում են այն, թե ինչպիսի տեմպերով է աճում արտասահմանյան ինտերնետային խանութներից կատարվող առցանց առևտուրը, որին նպաստում են նաև տեղական փոխադրող ընկերությունները։

Բայց ինչքանո՞վ կարող են ազդել այս առևտրի վրա սպասվող մաքսային փոփոխությունները։

Ըստ ՊԵԿ-ի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» մեկ այլ հարցման պատասխանի, 2019 թվականի ընթացքում արտասահմանյան առցանց խանութներից հայաստանցիների կատարած գնումների առյուծի բաժինը մինչև 20 եվրո գնային սեգմենտում է։ Այսպես, վերոնշյալ 2 միլիոն 641 հազար 370 առաքանիներից 2 միլիոն 129 հազար 486-ի կամ 80,6 տոկոսի մաքսային արժեքը կազմել է ավելի քիչ, քան 20 եվրոն։ 20-50 եվրո մաքսային առաքանիները կազմել են ամբողջի 9,2 տոկոսը (241,937), 50-100 եվրո մաքսային արժեքովը՝ 4,5 տոկոսը (120,334):

Հայաստանցիները բավական շատ են պատվիրում նաև 100-150 եվրո (2,6%, 69,153), 150-200 եվրո (1․3 %, 36,095) և 200-500 եվրո (1.5 %, 40,676) արժողությամբ ապրանքներ։ 500-1000 եվրո արժողությամբ փոստային առաքանիներ 2019-ի ընթացքում եղել են ընդամենը 3250 հատ, 1000-2000 եվրո արժողությամբ՝ 390 հատ, և ընդամենը 49 փոստային առաքանու մաքսային արժեքն է գերազանցել 2000 եվրոն։

arevtur

Այդուհանդերձ, ստացվում է, որ նախորդ տարի ԵԱՏՄ կանոններով մաքսազերծվել է 3689 փոստային առաքանի, որոնց մաքսային արժեքը գերազանցել է 500 եվրոն։ Եթե հաշվի առնենք հունվարի մեկից ուժի մեջ մտած կարգավորումները և ենթադրենք, որ ընթացիկ տարում հայաստանցիներն առցանց խանութներից կանեն նույն քանակով և նույն արժողությամբ գնումներ՝ մաքսային վճարներ կատարելով 200 եվրոն գերազանցող ապրանքների համար, ապա կմաքսազերծվի արդեն 44 հազար 365 առաքանի։

Ու՞մ են ձեռնտու մաքսային շեմի իջեցումները

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ում օտարերկրյա առցանց խանութներից մաքսազերծվող ապրանքների գնային շեմն իջեցնելու նախաձեռնությունները պատկանում են ռուսական կողմին։

Այսպես, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը «Ռոսսիյսկայա գազետայի» հետ զրույցում նշել է, որ 2019-ին, երբ մաքսային շեմը 1000 եվրոյից իջեցվել էր 500 եվրոյի, 2018-ի համեմատ մաքսային վճարներն ավելացել էին երեք անգամ։ Այսինքն, Ռուսաստանը, շնորհիվ այս կարգավորումների, երեք անգամ ավելացրել էր իր եկամուտներն արտասահմանյան ինտերնետային խանութներից պատվիրված ապրանքների մաքսազերծման գծով։ Ավելին, Բուլավինի խոսքով՝ համաչափ ավելացում է սպասվում նաև 2020 թվականին, երբ առանց մաքսային վճարների ներկրվող ապրանքների գնային շեմն իջել է 200 եվրոյի։ Այսինքն՝ ավելի շատ մաքսազերծվող ապրանքներ, ավելի շատ մաքսային վճարներ և հետևաբար՝ ավելի շատ եկամուտներ պետության համար։

Հայաստանը, սակայն, ինչպես հայտնի է, գտնվում է կիսաշրջափակված վիճակում, փակ են հարևան երկու երկրների հետ սահմանները, իսկ Իրանի հետ առևտրային շփումները խնդրահարույց են այդ երկրի՝ միջազգային հանրության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Նման պարագայում Հայաստանի բնակչության համար առանցքային նշանակություն ունեն ինտերնետային խանութները և ինտերնետային առևտուրն ընդհանրապես, որովհետև դրա շնորհիվ էապես մեղմացվում են աշխարհքաղաքական բարդ տարածաշրջանում ապրող մարդկանց հոգսերը։ Իսկ մաքսային շեմերի հետագա նվազեցումը, անշուշտ, կարող է ազդել հայաստանցիների՝ առցանց առևտուր անելու դինամիկայի և գնողունակության վրա։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ձեզ կեհաքրքրի...