Ներքին հակասություններ ՀՅԴ-ում. հայտարարություն

HYD

Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կուսակցության Բյուրոն ընտրել է կառույցի ներքին պառակտման ուղին և հարվածում է կուսակցության կայունությանը:

«Անհասկանալի և կանոնագրին հակասող քայլով ՀՅԴ Բյուրոն կասեցրեց Արևմտյան Ամերիկայի Շրջանային ժողովը և նշանակեց Կենտրոնական կոմիտե՝ խախտելով շարքայինների՝ ընտրելու իրավունքը և ոտնակոխելով ժողովրդավարության հիմնական արժեքը, որի կրողը եղել է ու պետք է լինի Դաշնակցությունը:

Այս իսկ պատճառով և ի հեճուկս Բյուրոյի՝ արգելակելու փորձերի և այլ ելք չգտնելով՝ Շրջանի կազմակերպական միավորների պատգամավորները կազմակերպական կարգ ու կանոնը հարգելով՝ գումարեցին Շրջանային ժողով և ընտրեցին Կենտրոնական կոմիտե: Այս քայլը վայելում է ոչ միայն ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի, այլ նաև նման քայլերի թիրախ դարձած այլ շրջանների դաշնակցականների լայն զանգվածի աջակցությունը:

Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր ընկերներին, աշխարհացրիվ դաշնակցականներին և մեր ազգանվեր հայրենակիցներին՝ միասնաբար բարձր պահել Դաշնակցության բարոյական արժեքները, կազմակերպական նկարագիրը, ինչպես նաև Դաշնակցության եզակի դերակատարությունը, որ ունեցել է և պիտի շարունակի ունենալ հանուն ազգի և հայրենիքի»,- ասվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Ձեզ կեհաքրքրի...