Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ներկայիս քաղաքական ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:
Իր խոսքում Վարդանյանը նախևառաջ հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները պետք է ընտրեն քաղաքական գործիչների մեջ նրանց, ովքեր իրենց մոտ նվազագույն մերժում են առաջացնում:
Միլիարդատիրոջ խոսքով՝ Հայաստանում մարդիկ անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան:
«Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ շատ ակտիվ տեղ, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից. – ՌԲԿ): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ ավելի քիչ թվով մարդկանց բաժին կհասնի ավելի շատ փող, քանի որ ավելի շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, ես կասեի, Աբխազիային նման երկիր», – ենթադրել է Վարդանյանը:
Գործարարն այս սցենարը անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունն այժմ 3 միլիոն մարդուց մի փոքր պակաս է:
«Այս մարդիկ քվեարկում են ոտքերով: Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այս երկրում», – ասել է նա:
Վարդանյանի խոսքով՝ նման սցենարի պայմաններում պասիվ մարդիկ կմնան երկրում: Նրանք վատ կապրեն, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչից ուրախ կլինեն:
«Դու սովորում ես դրան (դրսից եկող փողերը. – ՌԲԿ): Դա նման է թմրանյութի: Որպես պարտադիր եկամուտ, միայն թե այն ձեզ պետությունը չի տալիս, այլ ձեր հարազատներն են ուղարկում», – ասել է գործարարը:
Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որի պարագայում Հայաստանը կդառնա պետության և հասարակության միջև փոխգործակցության եզակի հաջող օրինակ: Սակայն այս պարագայում, ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին:
«Ոչ թե ուղղակի Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատեն և ասեն, թե որքան վատ է այստեղ, կամ մի փոքր գումար ուղարկեն և զգան, որ իրենց խիղճը մաքուր է: Պատրա՞ստ են վեր կենալ, գալ: Ավելին ՝ գալ ոչ թե նախարարի պաշտոնի, այլ գյուղ գնալու համար»,-հարց է հղել Վարդանյանը:
«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Խոսքը մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին չէ, որոնք կգան Հայաստան և այն դրախտ կդարձնեն: Սա ամբողջական փոփոխություն է այն մոդելի, որ «տղերք, մենք ինքներս ամեն ինչ այստեղ կպարզենք, իսկ դուք երբեմն եկեք մեզ մոտ, նայեք Արարատին, արտասվեք, խորոված կերեք ու հետ գնացեք»»,-եզրափակել է Վարդանյանը: