Հերքման պահանջ News.am տեղեկատվական կայքին. Ռոմանոս Պետրոսյան

news

 Ի պատասխան News.am լրատվական կայքում տեղ գտած «Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ կինն առնչություն ունենք ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։
❗️Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի։
Ուստի, համաձայն «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ պահանջում եմ ձեր կողմից հրապարակված նյութի պատշաճ հերքում, այլապես, կդիմեմ դատարան՝ իմ անձը զրպարտելու և բարի համբավը արատավորելու փաստով:
Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Կոտայքի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդները արդյունավետ գործում են, կատարում են իրենց գործառույթներից բխող վերահսկողական ֆունկցիաները, ուստի, ձեր կողմից նշված երևույթները չեն կարող տեղ գտնել դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում։
Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում և դրա փոխարեն օրենքի գերակայության և իրավահավասարության իրավունքի երաշխավորում: Վերջին 2-2,5 տարիներին կառավարման խորհուրդներում, մասնավորապես՝ մարզպետի, ԿԳՄՍ նախարարի և համայնքների ներկայացուցիչների փոփոխությամբ սկիզբ է դրվել լայն բարեփոխումների, և այս պահին խորհուրդները պատշաճ գործում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակում՝ հասարակական հիմունքներով իրականացնելով վերահսկողական գործառույթներ: Այդ բարեփոխումների արդյունքում են փոխվել կառավարման խորհուրդների անդամները, և նոր սերունդը հնարավորություն է ստացել մուտք գործել դպրոցներ, որտեղ տնօրենները տասնամյակներով «վերարտադրվել են»:
Այսօր քաղաքացին իր իրավունքներն ու տեսլականն է իրացնում հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ, որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար
Ռոմանոս Պետրոսյան

Ձեզ կեհաքրքրի...