Ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի

erexaner

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել են այդ ավտոմեքենան ու տեղափոխել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են: Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արսեն Մինասյանն ու Զորայր Գալստյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրող հայտնում է նաև, որ մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո՝ ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

 

Ձեզ կեհաքրքրի...