Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդի մեկնարկային գինը նվազել է 5 տոկոսով. Բաբայան
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նշենք, որ հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջին անգամ նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել:
Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան:
«Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդ գնից»,- ասաց կոմիտեի նախագահը: Եթե այս դեպքում էլ աճուրդը չկայանա, ապա դարձյալ 5 տոկոսի չափով պետք է մեկնարկային գինը նվազի՝ ըստ կարգի:
Նշենք, որ նախորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գին էր սահմանվել 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:
Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: Նշենք նաեւ, որ «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է: