Հունաստանի արտգործնախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստների զբոսաշրջային գործակալ»
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ասել է, որ Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում և համարվում է «ջիհադիստների տուրիստական գործակալ», իսկ դրան պետք է դիմակայել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Թուրքիայի քաղաքականությունը եղել է Ամմանում կայացած Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը:
«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, դարձել է տարածաշրջանում խաղաղություն խախտողը՝ սպառնալով ուժ գործադրել: Անկարան Հունաստանին սպառնացել է պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն և տարածքային ջրերը հասցնի 12 ծովային մղոնի: Թուրքիան միգրանտներին օգտագործում է որպես քաղաքական գործիք, տարածում է քարոզչություն և կեղծ լուրեր, սրում անվտանգության խնդիրը՝ ջիհադիստներին Լիբիայից տեղափոխելով Կովկաս, ինչը ես անվանում եմ «ջիհադիստների տուրիստական գործակալություն», իսկ դրանք տարածաշրջանում ստեղծում են խաղաղության և կայունության սպառնալիքներ»,- ասել է Դենդիասը հանդիպումից հետո: