ՀՀ ՔԿ-ն հյուրընկալել է պատերազմական հանցագործությունների, արգելված զենքի միջազգային փորձագետների
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում նոյեմբերի 30-ին հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, ֆրանսահայ քրեագետ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր:
Քննարկումների առարկա են դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:
Հանդիպումների ընթացքում երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։