Reuters-ը ևս հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին

Turqia

Հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը ևս հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու համար Հայաստանի դեմ սրվող պատերազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրատվամիջոցը փոխանցում է, որ վարձկանների տեղափոխության մասին հայտարարել են նրանցից երկուսը՝ նշելով, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից Թուրքիայի հսկողության տակ գտնվող վարձկանները տեղակայվում են Ադրբեջանում:

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը վարձկաններին ամսեկան 1500 դոլար է վճարում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ և 47 զրահատեխնիկա:

Ձեզ կեհաքրքրի...