Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. Mercedes-Benz-ը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր.
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22։08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բախվել է նաև ճամփեզրի հաստաբուն ծառին: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
shamshyan.com