«ԵՄ երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը, այլապես ստիպված կլինեն ռուսերեն սովորել». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է վերանայեն իրենց ծախսերի մի մասը, որպեսզի ավելի շատ գումար ծախսեն պաշտպանության վրա։ Այս մասին նա ասել է հունվարի 13-ին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, փոխանցում է Politico-ն։
Ռյուտեի կարծիքով՝ պաշտպանական ծախսերի ցուցանիշըը ՀՆԱ-ի 2%-ի չափով պետք է բարձրացվի։
Ռյուտեն, ով առաջին անգամ ելույթ էր ունենում Եվրախորհրդարանում որպես դաշինքի գլխավոր քարտուղար, իր նպատակներից մեկը համարել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մերձեցումը՝ հակազդելու համար Կրեմլի «ապակայունացման արշավներին», ինչպես նաև Չինաստանից և Իրանից բխող սպառնալիքներին:
«Հիմա մենք անվտանգության մեջ ենք, բայց ինչ կլինի չորս-հինգ տարի անց…»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ եթե պաշտպանական ծախսերը չավելանան, ապա եվրոպացիները ստիպված կլինեն «ռուսերենի դասընթացներ անցնել կամ մեկնել Նոր Զելանդիա»։
«Ես խորապես մտահոգված եմ Եվրոպայում անվտանգության իրավիճակով։ Մենք պատերազմական վիճակում չենք, բայց չենք գտնվում նաև խաղաղության վիճակում։ Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում և ավելացնենք պոտենցիալը: Սա չի կարող սպասել»,- հայտարարել է Ռյուտեն։