Ամբողջ գիշեր, թե փրկարարները, թե քաղաքապետարանը աշխատել են հետևանքները վերացնելու, մեղմացնելու համար
Ամեն անգամ հորդառատ ու տևական անձրևից հետո սոցիալական ցանցի հայկական տարածքը «հեղեղվում» է տարաբովանդակ քննադատություններով: Բնության հերթական անկասելի առատ դրսևորմանը հակազդելու անպատրաստ են ամենուր: Միջազգային լրահոսում, հատկապես վերջին շրջանում, բազմաթիվ են հորդառատ տեղումների ու դրանց անցանկալի հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունները. եվրոպական երկրներում, ասիական զարգացած մեգապոլիսներում ու «հարուստ» էմիրություններում: Այնտեղ կատարվածին հետևում ենք զարմանքով ու անմեղ հետաքրքրասիրությամբ, իսկ մեր ոտքերի տակ հայտնված անձրևաջուրը մեզ աշխարհակործան ջրհեղեղ է թվում: Երեկվա անձրևը հաստատ իր մասշտաբներով անհամեմատելի էր, ասենք, նույն Դուբայում շաբաթներ առաջ կատարվածի հետ: Բայց, եթե ամենաժամանակակից այդ մեգապոլիսում քաղաքացիները պատկան մարմինների հետ միասին ամեն ինչ արեցին բնության անակնկալի հետևանքները ժամ առաջ վերացնելու համար՝ մենք նախընտրում ենք տանը նստած քարկոծել բոլորին: Անձրևներ եկել են ու գալու են մնում է մենք դառնանք առավել պատրաստ բնության դրսևորումներին դիմակայելու և բոլորով սրտացավ մեր քաղաքի բնականոն կյանքը նման դեպքերում արագ վերականգնելու հարցում: