Մուջահիթ Բիլիջի. Թուրքիան քրդական պետություն է. Ermenihaber
Ծագումով զազա թուրք լրագրող Մուջահիթ Բիլիջին հրապարակել է «Թուրքիան քրդական պետություն է» վերտառությամբ հոդված։ Նա հաճախ է անդրադառնում Թուրքիայի քրդերի պատմության և ինքնության հարցերին՝ հանդես գալով խաղաղության ու հաշտեցման կոչերով։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիան հիմնադրվել է որպես թուրքերի և քրդերի համատեղ պետություն՝ Անատոլիա-Քուրդիստան դաշնության տեսքով՝ որպես փլուզված կայսրությունից սերած մահմեդական թուրքերի և քրդերի համատեղ պետություն։ Այսինքն ինչպես թուրքերը, այնպես էլ քրդերը Թուրքիայի համահիմնադիր օրինական տերերն են:
Հեղինակը կարծում է, որ Թուրքիան պիտի ընդունի իր բազմազգ իրականությունը՝ թուրքերի և քրդերի հայրենիք լինելը, հակառակ դեպքում կշարունակի տառապել և տառապանք պատճառել: Ուստի ինչքան շուտ Թուրքիան հաշտվի այն իրողության հետ, որ ինքը թուրքերի և քրդերի հայրենիքն է, այնքան ավելի մեծ ու պայծառ ապագա կունենա՝ ներառելով Քուրդիստանի մյուս մասերը ևս։
Հոդվածի առանցքային հատվածները՝ ստորև
«Իր հիմնադրման առումով Թուրքիան մահմեդականների պետություն է։ Ժողովրդավարական օրենքի տեսանկյունից այն բոլոր քաղաքացիների պետությունն է, ովքեր ապրում են այնտեղ։ Սակայն ժողովրդագրական տեսանկյունից ո՞վ է ապրում Թուրքիայում: Այնտեղ ապրում են մահմեդականներ, ովքեր իրենց անվանում են թուրքեր կամ կարող են իրենց այդպես անվանել։ Թուրքիայում տարբեր մահմեդական էթնիկ խմբեր ապրում են որպես թուրքեր՝ ընդունելով թուրք լինելու սահմանումը՝ որպես մահմեդականության համարժեք: Նրանք հիմնականում ոչ թուրք էթնիկ խմբեր են, ովքեր ստիպված են եղել գաղթել ավելի մեծ կայսրության տարածքային կորուստների պատճառով:
Նմանապես, դա այն զանգվածն է, որը ձևավորվել է տարբեր ոչ մահմեդական տարրերից, որոնք բռնի կամ կամավոր կերպով մահմեդականացվել են և ընդունել թուրք լինելու պիտակը: Այդ զանգվածը, ինչպես քրդերը, այս պետության օրինական տերն ու գործընկերն է: Լինեն ալբանացիներ, չերքեզներ, վրացիներ, թե արաբներ, նրանք թուրք են, քանի որ իրենց անվանում են թուրքեր: Ով իրեն անվանում է թուրք, թուրք է:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում ՝ Ermenihaber.am