Ուկրաինայում ավելի ու ավելի են հաճախակիացել ռազմական մեքենաների հրկիզումները
Ազգային ոստիկանությունը հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները այդ նպատակով հավաքագրում են ուկրաինացի դեռահասների։ DW-ն ուսումնասիրել է, թե ինչպես է դա տեղի ունենում: «Ես դուրս եկա, երբ մեքենայի հրդեհն արդեն հանգցրել էին, այն շատ վնասված չէր. միայն մի քանի մասեր հալվեցին»,- զրույցում հիշում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող Տարաս Կոտովը, ում մեքենան ուզում էին այրել։ Զինվորական ջիպ էր՝ կանաչ ներկված։ Երբ նա դուրս է եկել, ոստիկաններն արդեն հարցաքննում էին հավանական հրձիգներին՝ մի կնոջ և նրա անչափահաս որդուն։ «Ես կանգնեցի նրանց կողքին և լսեցի ոստիկանների հետ խոսակցությունը, կինն ասաց, որ պարտք են, իսկ որդին Telegram-ում է տեսել, որ մեքենա վառելու դեպքում կարող ես 500 դոլար վաստակել»: Ազգային ոստիկանությունը նշում է, որ դա ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքն է՝ սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրում են ուկրաինացի դեռահասներին։ Ազգային հեռուստամարաթոնի եթերում ազգային ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Յուրի Կուզմենկոն ասել է, որ սկզբում ռուսական հատուկ ծառայությունները տալիս են իբր անմեղ առաջադրանքներ՝ նկարել գրաֆիտիներ, հիմնականում հակաուկրաինական բովանդակությամբ և դրա դիմաց պարգևատրում մի քանի հազարից մինչև 20 հազար գրիվնա: Հաջորդ առաջարկը կարող է լինել զինվորականների մեքենաները հրկիզելը։