Երբ վարորդի փոխարեն տուգանվում է մեքենայի սեփականատերը
Հաճախ են լինում դեպքեր, երբ անձը վարում է այլ քաղաքացու պատկանող տրանսպորտային միջոց, կատարում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, սակայն ոստիկանությունը տեխնիկական միջոցներով արձանագրված խախտման համար վարչական տույժ է նշանակում ոչ թե վարորդին այլ՝ սեփականատիրոջը։ Նման դեպքում անհրաժեշտ է ազատ ոճի դիմում ներկայացնել ոստիկանություն։ Դիմումը կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն դիմումը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա դիմումին պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը: Դիմում հնարավոր է ներկայացնել e-request.am կայքում գրանցվելով, փոստային ծառայության միջոցով կամ քաղաք Երևան, Իսակով պողոտա 9 հասցե մոտենալով։