Երևանի մետրոպոլիտենի 10 վագոն կանգնած է. ֆինանսավորման արդյունքում 3 վագոն կարող է առաջիկայում գիծ դուրս գալ
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ Կառավարության կողմից ֆինանսավորման հաստատումն արդեն կա, սակայն իրենք լրացուցիչ ֆինանսավորման կարիք սեռևս ունեն:
Այս դիտարկմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե կա՞ն կանգնած վագոններ, որոնց գիծ դուրս բերելու դեպքում Մետրոպոլիտենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կնվազի, Սեդրակյանը դրական պատասխան տվեց:
«Ունենք կանգնած վագոններ, սպասում ենք, որ անվազույգերը գան: Կան վագոններ, որ գիծ պետք է դուրս գան: Ֆինանսավորումը հաստատվեց, բայց մենք էլի հրատապ ծախսեր ունենք: 620 մլն-ով 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում»,- ասաց նա՝ հավելելով, որ կանգնած է մոտ 10 վագոն, ֆինանսավորման շնորհիվ առաջիկայում կսկսի աշխատել 3-ը:
Ավինյանը ևս մեկ անգամ ճշտեց, թե դա նշանակում է՝ կան վագոններ, որոնք հնարավորել է վերականգնել ու դնել գծի վրա, Սեդրականը պատասխանեց.
«3 ամսվա մեջ եթե մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»:
Սեդրակյանը հավելեց նաև այլ հարցերի առկայության մասին Նրա խոսքով, մրցույթներ կան, որոնցում կան հաղթողներ, պահեստամասեր են պետք վագոնների, քանի որ միայն անվազույգերով հարցն ամբողջապես չի լուծվի, դրանց հետ զուգահեռ մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիս ամսին:
«Էլի Կառավարություն ներկայացրել ենք` 300 քանի միլիոն է պետք և ունենք շարժասանդուղքների հետ կապված էլ 520-530 մլն դրամի կարիք»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ետրոպոլիտենում ավելի վաղ միջադեպ է եղել, որի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, բայց ներկայում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծված:
«Բյուրոկրատական անիմաստ ձգձգումները անիմաստ ռիսկեր են առաջացնում, եթե հրատապության մասին է խոսքը, այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,-ասել էր Ավինյանը: