«Վարորդ է եղել». առևանգված ու Բաքու տեղափոխված արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Լաչինի անցակետում ձերբակալված ու Բաքու տեղափոխված 68-ամյա արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, թե հայրը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Ծովինար Խաչատրյանը, որն այսօր բուժման նպատակով հորն ուղեկցում էր Երևան, «Ազատությանն» ասաց, որ Վագիֆ Խաչատրյանը խորհրդային շրջանում պարզապես վարորդ է աշխատել։
«Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել։ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», – նշեց Ծովինար Խաչատրյանը։
68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Կարդացեք շարունակությունը սկզբնաղբյուրում