Շուտով զուգահեռ ունենալու ենք նախագծման մրցույթի դրված Սուրմալուի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման աշխատանքները». Ավինյան

 Աջափնյակի կայարանը նախագծվում է «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել Սովետական Միության ժամանակ։ Փաստացի, Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքն իրականացնում է այն ընկերությունը որն ամբողջական մետրոյի նախագիծն է իրականացրել ՍՍՀՄ տարիներին», – հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ այսօր ավագանու նիստի ժամանակ պարզաբանումներ տալով մետրոյի կառուցման և նախագծման վերաբերյալ մի շարք հարցերի։

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կառավարությունը մոտ 1.1 միլիարդ դրամ է տրամադրել նախագծի համար, մոտ 700 միլիոն էլ քաղաքապետարանն է ներդրել․ «Ժամկետների մասով՝ նախագծային աշխատանքների առաջին փուլն ընկերության կողմից արդեն իսկ հանձնված է, և մենք այս պահի դրությամբ զուգահեռ երկրորդ և երրորդ փուլերը միասին իրականացնում ենք։ Տարեվերջին Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի։ Չեմ ուզում շինարարության արժեքից խոսել, որովհետև դեռ վերջնահաշվարկները չկան։ Շուտով զուգահեռ ունենալու ենք նախագծման մրցույթի դրված Սուրմալուի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման աշխատանքները»։

Տ․ Ավինյանի խոսքով՝ այն 400 միլիոն դրամը, որը նախատեսված էր օդափոխության համակարգի համար, նոր կայարանների նախագծման աշխատանքների հետ կապ չունի։

Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ խիստ մոտեցում է ցուցաբերվելու Աջափնյակի կայարանի նախագծային մասին, որ մետրոպոլիտենի ճարտարապետության ընդհանուր տրամաբանությունը պահպանվի թե՛ ֆունկցիոնալ, թե՛ գեղագիտական տեսանկյունից․ «Մետրոյի հետագա հնարավոր զարգացումը, հաջորդ հնարավոր կայարանը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս։ Մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը մենք կառավարության հետ համատեղ դարձնելու ենք շարունակական։ Այսինքն, ամեն տարի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ իրականացվելու են աշխատանքներ, և մետրոյի ցանցը տարեցտարի ընդլայնվելու է»։

 

Ձեզ կեհաքրքրի...