Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փորձարկել է մետրոպոլիտենում տեղադրված առաջին օդափոխության սարքը (լուսանկարներ)

  Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ է հատկացրել։ Շուրջ 500 մլն-ն ուղղվել է օդափոխության համակարգերի փոխարինմանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Նշվում է, որ ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը:

Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Դրենաժային թունելը փորելուց հետո սա մեր երկրորդ ամենակարևոր ծրագիրն է: Այն հնարավորություն է տալու, որ մենք մետրոպոլիտենում նվազեցնենք խոնավության մակարդակը, որը կերկարաձգի մետրոպոլիտենի շահագործումը: Ճիշտ է՝ այս պահի դրությամբ կառավարության աջակցությամբ միայն 14 օդափոխության համակարգ ենք փոխարինում, ևս 14-ը անհրաժեշտ է, բայց վստահ եմ, որ փոխարինման այս աշխատանքներից հետո կանցնենք արդեն մյուս համակարգերի փոխարինմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Հիմնադրման օրվանից ի վեր մետրոպոլիտենում առաջին անգամ է, որ փոխվում են օդափոխության համակարգերը: Նոր, հզոր սարքերը ոչ միայն տնտեսապես են արդյունավետ, այլև հարմարավետ են կառավարման տեսանկյունից:

«Ամենակարևորը՝ մեր մետրոպոլիտենը կունենա մաքուր օդ, միկրոկլիմա կապահովենք: Մենք բավականին կորուստներ ենք ունենում հենց այն պատճառով, որ մեզ մոտ խոնավությունը բարձր է, և չենք կարողանում օդում խոնավությունը նվազեցնել: Սա հնարավորությամբ և հզորությամբ կհանգեցնի այն բանին, որ թունելներում տեղադրված սարքավորումները չեն ենթարկվի ուժեղ կոռոզիայի, մեր ուղևորներն իրենց ավելի լավ կզգան, որովհետև համակարգը նաև փոշին է կլանում, բացի այդ նաև էլէկտրաէներգիայի տնտեսում կունենանք»,- նշել է մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը:

Աշխատանքը բարդ ու պատասխանատու է: Մինչ համակարգերի տեղադրումը՝ նախ ջրամեկուսացվում է տարածքը: Տեղադրված առաջին օդափոխության սարքը փորձարկել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Հաշվի առնելով մետրոպոլիտենի կարևորագույն և խիստ կենսական կառույց լինելու հանգամանքը՝ պետությունն ու համայնքը նախաձեռնել ու նախանշում են տարբեր ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն փուլ առ փուլ՝ իրականություն դարձնելով տասնամյակների սպասումները:

«Բավականին մեծ ծրագրեր ունենք մետրոպոլիտենում. աշխատավարձերը բարձրացրինք նախորդ տարի, այս պահին աշխատակիցների աշխատանքային պայմաններն ենք բարելավում վարչական մասում, նաև նախատեսվում է դեպոյի վերակառուցում: Փուլ առ փուլ ծրագրերը կյանքի ենք կոչում և վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ մետրոպոլիտեն կունենանք»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցն է: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ տարեցտարի ավելանում է այս փոխադրամիջոցը նախընտրողների թիվը: Մետրոյով ամեն օր երթևեկում է ավելի քան 80 հազար ուղևոր:

Subway

 

Ձեզ կեհաքրքրի...