Արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը Արցախի հանքավայրերի տարածք․ Արցախի տեղեկատվական շտաբ

Askeran

   Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն հանքավայրեր:

 «Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր», – նշում է տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է:

 Բացի այդ, ինչպես նշում է տեղեկատվական շտաբը, իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, «որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

 Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղում «սադրանք է կազմակերպվել», և մոնիթորինգը ձախողվել է: Նրանք դրա համար մեղադրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև շեշտել, որ «հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները պայմաններ չեն ստեղծել ադրբեջանցի մասնագետների բնականոն գործունեության համար»։

Ձեզ կեհաքրքրի...